Ֆրանսիայում տղամարդը պայթեցրել է իր տունը՝ փորձելով քշել ճանճին
Ֆրանսիական Դորդոն դեպարտամենտի բնակիչը պայթեցրել է իր տան մի հատվածը՝ փորձելով քշել ճանճին: Այս մասին հաղորդել է BBC-ն:
80-ն անց տղամարդը պատրաստվում էր ընթրել, երբ նրան զայրացրել է իր շուրջը պտտվող ճանճը: Նա վերցրել է էլեկտրական թիակը, որը նախատեսված էր միջատների համար, և սկսել է քշել նրան: Սակայն պարզվել է, որ Պարկուլ Շենո գյուղի նրա տանը գազի բալոնից արտահոսք է եղել: Թիակի և գազի միջև ռեակցիան առաջացրել է պայթյուն, ինչը ոչնչացրել է խոհանոցը և մասամբ վնասել տան տանիքը:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդուն հաջողվել է փրկվել, նա ստացել է միայն ձեռքի այրվածք: Իսկ ճանճի ճակատագիրը անհայտ է:
Տարեց տղամարդն այժմ ապրում է տեղի ճամբարում, իսկ նրա ընտանիքը զբաղված է տան վերանորոգմամբ: