Google-ը եւ Twitter-ը հայտարարել են ապատեղեկատվության դեմ պայքարի մասին ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ
Google-ը եւ Twitter-ը հայտնել են, որ ուժեղացնում են ապատեղեկատվության սահմանափակումները ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, հաղորդում է BBC-ն:
Հարթակները կեղծ պնդումների եւ ապակողմնորոշիչ գրառումների հեղեղ են ակնկալում:
Twitter-ը հայտնել է, որ նախատեսում է ավելի ագրեսիվորեն պիտակավորել եւ հեռացնել ԱՄՆ ընտրությունների հետ կապված ոչ հավաստի թվիթերը: Նոր սահմանափակումները կարող են տարածվել նաեւ այն թվիթերի վրա, որոնցում կհայտարարվի այս կամ այն թեկնածուի վաղաժամ հաղթանակի մասին:
«Մենք թույլ չենք տա չարաշահել մեր ծառայությունը քաղաքացիական գործընթացների եւ ամենակարեւորը` ընտրությունների հետ կապված: Դա անելու ցանկացած փորձ` լինի դա արտաքին, թե տեղական, կբախվի մեր կանոնների խիստ պահպանմանը, որոնք հավասարապես եւ խելամտորեն վերաբերում են բոլորին»,- նշվում է Twitter-ի հայտարարության մեջ:
Google-ը հայտարարել է, որ որոնման ավտոմատ արդյունքների ավելի ինտենսիվ ստուգումներ կանցկացնի` ընտրողներին մոլորության մեջ չգցելու համար:
Ընտրությունների արդյունքների հետ կապված ցանկացած ոչ հավաստի տեղեկատվություն չի երեւա որոնման արդյունքներում: