ԵՄ-ն 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ անձնական պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդը երկարաձգեց պատժամիջոցները Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար պատասխանատու անձանց և սուբյեկտների նկատմամբ: Այս մասին «Եվրոպեյսկայա պրավդա»-ին հայտնել են Խորհրդի մամուլի ծառայությունում:
«Այսօր Խորհուրդը որոշում կայացրեց ևս 6 ամսով՝ մինչև 2021թ․ մարտի 15-ը երկարացնել այն պատժամիջոցները անհատների և կազմակերպությունների դեմ, որոնք շարունակում են սպառնալ կամ խարխլել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։», – ասված է հայտարարության մեջ:
Գոյություն ունեցող սահմանափակող միջոցները նախատեսում են ինչպես ճանապարհորդության սահմանափակումներ, այնպես էլ ակտիվների սառեցում, և հետագայում տարածվելու են 175 ֆիզիկական անձանց և 44 տնտեսվարող սուբյեկտների վրա:
Որոշումը Խորհուրդը կայացրել է գրավոր: Կանոնակարգերը կհրապարակվեն ԵՄ Պաշտոնական տեղեկագրում սեպտեմբերի 11-ին: