Դատարանն Արա Բաբլոյանին թույլատրեց որոշ ժամանակով մեկնել երկրից
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի բավարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի միջնորդությունը. Արա Բաբլոյանը կարող է որոշ ժամանակով մեկնել երկրից։
Ներկայացված միջնորդության դեմ գործով մեղադրող դատախազը չառարկեց։
Նիստը նախագահող դատավորն ասաց, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաեւ զբաղեցրած պաշտոնը՝ թույլատրում է նրան նշված ժամանակահատվածով նշված վայր մեկնել եւ վերադառնալ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Նշենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։