Ֆրանսիական դեղագործական ընկերությունը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափի մոտավոր արժեքը
Sanofi ֆրանսիական դեղագործական ընկերության ղեկավար Օլիվյե Բոգիլյոն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի մոտավոր արժեքը կկազմի շուրջ 10 եվրո մեկ դեղաչափի դիմաց պատվաստանյութը հաստատելու դեպքում․ պատվաստանյութն ընկերությունը մշակում է բրիտանական GlaxoSmithKline ընկերության հետ միասին, հաղորդում է Reuters-ը։
«Գինը վերջնական չէ․․․ Մենք գնահատում ենք առաջիկա ամիսների արտադրական ծախսերը»,-նշել է Բոգիլյոն։
Նա նաեւ մեկնաբանել է նկատառումը, որ Sanofi-ի մրցակիցը՝ AstraZeneca ընկերությունը, ենթադրաբար կսահմանի կորոնավիրուսի պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը 2.50 եվրո Եվրոպայում, ինչն իրենց նշած գնից ցածր է։
«Մենք օգտագործում ենք մեր ներքին ռեսուրսները, մեր սեփական հետազոտողներին, մեր սեփական հետազոտական կենտրոնները։ AstraZeneca-ն օգտվում է աութսորսինգից որոշ չափով»,-պարզաբանել է Sanofi-ի ղեկավարը։
Ընդ որում՝ ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ պատվաստանյութի վերջնական գինը կհաստատվի, երբ այն հասնի թեստավորման վերջնական փուլին։