Տիխանովսկայայի դաշնակից Օլգա Կովալկովան հեռացել է Բելառուսից՝ ոտքով հատելով Լեհաստանի հետ սահմանը
Համակարգող խորհրդի նախագահության անդամ Օլգա Կովալկովան անցած գիշեր Լեհաստանի հետ սահմանի անցակետով հեռացել է Բելառուսից՝ սահմանը հատելով ոտքով: Այս տեղեկությունը շաբաթ օրը իր Telegram-ալիքում հաստատել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օլգա Կովալկովան լքեց Բելառուսի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Սեպտեմբերի 5-ին, առավոտյան ժամը երկուսին, նա ոտքով եկավ «Բրուզգի» անցակետ, անցավ սահմանային հսկողությունը, որից հետո սպասեց Գրոդնո-Վարշավա հերթական ավտոբուսին և շարժվեց դեպի Լեհաստանի սահման»:
Շաբաթ օրն, ավելի վաղ, Լեհաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Օլգա Կովալկովան գիշերը հատել է լեհական սահմանը: Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Կովալկովան ասել է, որ Բելառուսում իրեն սպառնացել են երկարատև ձերբակալմամբ: Նրա խոսքերով՝ իրեն գիշերը քննչական մեկուսարանից մեքենայով դուրս են բերել անհայտ ուղղությամբ, ավելի ուշ պարզվել է, որ նրան տեղափոխել են «Բրուզգի» անցակետ:
Սեպտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Մինսկի Կենտրոնական շրջանի դատարանը Կովալկովայի համար 15-օրյա վարչական կալանք է նշանակել՝ չհամաձայնեցված զանգվածային միջոցառում անցկացնելու համար: Նախկինում նա նմանատիպ իրավախախտման համար 10-օրյա կալանք էր կրել: