Հայկական կողմը պետք է սրբագրի Արայիկ Հարությունյանի հայտարարությունները, այլապես կարող են մեղադրել բանակցային գործընթացը խափանելու մեջ. Երվանդ Բոզոյան
Հայկական կողմը պետք է սրբագրի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը, հայտարարի որ կողմ ենք բանակցային գործընթացին՝ շեշտելով այն պայմանները, որով ՀՀ-ն գնալու է բանակցության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե պետք է պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցությունների թեման, բանակցություններ չեն լինելու:
«Պատերազմի միշտ պետք է պատրաստվել, բայց զուտ դիվանագիտական իմաստով Արցախի Հանրապետության նախագահը նման հայտարարությամբ պետք է հանդես չգար, ինքը կարող է կոշտ հայտարարությամբ հանդես գալ, կարող է ավելի սկզբունքային դիրքորոշում ունենալ, այլ բան պնդել, բայց ասել, որ բանակցություններն անիմաստ են, ճիշտ չէ. դրա արդյունքում մեզ փաստացի կարող են մեղադրել, որ մենք ենք խափանում բանակցային պրոցեսը: Սա լուրջ վրիպում է, կրկնեմ՝ հայկական կողմը պետք է սրբագրի այն»,-ասել է նա:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հնչեցրած մեկ այլ հայտարարության, թե Արցախի ճանաչման հարցը մեզ համար կարևոր չէ, կարևորը մեր անվտանգությունն է, այդ առումով այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնի Արցախի անվտանգության աստիճանը, քաղաքագետն ասել է.
«Անթույլատրելի հայտարարություն է, քանի որ Արցախի Հանրապետության գլխավոր խնդիրը պետք է լինի ճանաչումը, որը մեր թիվ մեկ խնդիրն է, կարծում եմ՝ լեզվի սայթաքում է եղել կամ ինչ-որ այլ բան, դժվար է մեկնաբանել, թե ինչու է նման բան հայտարարել»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանը խոսել էր Մադրիդյան սկզբունքների մասին՝ ասելով, որ դրանք ենթադրում են 5 շրջանի հանձնում՝ անորոշ կարգավիճակի դիմաց, քաղաքագետն ասել է, որ Մադրիդյան սկզբունքների մասին սպեկուլյացիաները շատ են:
«Ըստ էության՝ Մադրիդյան սկզբունքները միջնորդների համար այն հիմքն էր, որով երկար տարիներ շարունակվել էր բանակցային պրոցեսը: Բնականաբար այդ սկզբունքները կատարյալ չեն, դրանով դիրքային առավելություն կարող են ունենալ թե՛ ՀՀ-ն, թե Ադրբեջանը՝ կախված դիվանագիտական աշխատանքից, ՀՀ և Ադրբեջանի ընդհանուր դիրքից, պետության վարքից: Մադրիդյան սկզբունքներն այն բազան են, որի հիմքի վրա կարելի է շարունակել և հասնել լուրջ հաջողության: Մենք ինչո՞ւ ենք ուզում վերադառնալ ՄԱԿ-ի բանաձևերին: Երբ հայտարարություն ենք անում, պետք է պատասխնատվություն կրենք, հասկանանք՝ այլընտրանքը որը պիտի լինի: Դրա այլընտրանքը եղել է մինչև 1997 թ․ թղթերը, մենք պատրա՞ստ ենք դրա վերադարձին, իհարկե ոչ: Սպեկուլյացիայի արդյունքում առաջացել է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ փորձում են խուսափել Մադրիդյան սկզբունքներից, ինչ-որ այլընտրանքային բաներ առաջարկել, բայց ի՞նչ են առաջարկում, իրենք էլ չգիտեն, խճճում են բոլորին»,- նշել է Երվանդ Բոզոյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակի վերջնարդյունքը լինելու է այն, որ միջնորդները կմեղադրեն Հայաստանին, որ խուսափում է բանակցային պրոցեսից, և Հայաստանը կհամարվի մեղավոր բանակցային պրոցեսի խափանման համար, ինչը վերջին 20 տարվա ընթացքում չի եղել. միշտ մեղադրվել է Ադրբեջանը: