Արցախում առաջին կիսամյակում կատարված շինարարական աշխատանքների ծավալը նվազել է 13,7%-ով
Համաշխարհային բացասական միտումները ազդել են նաեւ շինարարության ոլորտում ակտիվության վրա: 2020թ․ առաջին կիսամյակում կատարված շինարարական աշխատանքների ծավալը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 13,7%-ով` կազմելով ավելի քան 23 մլրդ 765 մլն դրամ: Այս մասին, պատասխանելով NEWS.am-ի գրավոր հարցմանը, հայտնեցին Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Ընդ որում՝ եթե շինարարության ֆինանսավորման բոլոր մյուս աղբյուրները կրճատվել են (12,2% -ով՝ պետբյուջեի, 57,5%-ով` մարդասիրական օգնության, 15,1%-ով` կազմակերպությունների հաշվին), ապա բնակչության միջոցների հաշվին շինարարության ծավալն աճել է 41%-ով:
Շինարարության ոլորտում աշխատանքների հիմնական ոլորտային բաշխումը հետեւյալ պատկերն ունի՝
• տրանսպորտային ոլորտում՝ 27,6%
• հանքարդյունաբերության ոլորտում՝ 27,5%
• էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ որակյալ օդի մատակարարման ոլորտում` 13%
• անշարժ գույքի գործարքներ` 7,4%: