Պենտագոն. Չինաստանը ծրագրում է առաջիկա 10 տարում կրկնապատկել իր միջուկային մարտագլխիկների պաշարները
Չինաստանը ծրագրում է առաջիկա 10 տարում կրկնապատկել իր միջուկային մարտագլխիկների պաշարները, այդ թվում նրանք, որոնք նախատեսված են բալիստիկ հրթիռների վրա տեղակայման համար եւ որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներ: Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում, հաղորդում է AP-ը:
Նույնիսկ նման մեծացման դեպքում Չինաստանի միջուկային ուժերն ավելի փոքր կլինեն, քան ԱՄՆ-ինը, որն ունի մոտ 3800 մարտագլխիկ ակտիվ վիճակում, իսկ մնացածը պահվում է ռեզերվում:
Զեկույցում նշվում է, որ Չինաստանի միջուկային ուժերի ընդլայնումն ու արդիականացումը համաշխարհային հարթակում եւ մինչեւ 2049 թվականը ավելի ամուր դիրքորոշում մշակելու՝ Պեկինի ջանքերի մի մասն են, եւ Պեկինը ձգտում է անցնել Ամերիկային՝ դառնալով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերիշխող գերտերություն:
«Չինաստանի միջուկային ուժերը զգալիորեն կզարգանան հաջորդ տասնամյակների ընթացքում, քանի որ Չինաստանը արդիականացնում է, դիվերսիֆիկացնում եւ մեծացնում ցամաքային, ծովային եւ օդային բազավորման միջուկային զենքի մատակարարման իր հարթակները: Հաջորդ տասնամյակների ընթացքում միջուկային մարտագլխիկների չինական զինանոցը, որն այժմ գնահատվում է մոտ 200 միավոր, կաճի առնվազն երկու անգամ»,-ասվում է զեկույցում: