Ամերիկյան ծանր հրթիռակրի արձակումը հետաձգվել է եւ տեղի կունենա սեպտեմբերի 5-ից ոչ շուտ
ԱՄՆ Ռազմական-տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (ՌՏՀԱԳ) համար Delta IV ծանր հրթիռակրի գործարկումը՝ NROL-44 գաղտնի սարքով, հետաձգվել է եւ տեղի կունենա ոչ շուտ, քան յոթ օր հետո: Այս մասին շաբաթ օրը իր կայքում տեղեկացրել է ամերիկյան United Launch Alliance (ULA) ընկերությունը:
Ի սկզբանե Delta IV ծանր հրթիռակրի արձակումը Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա) տիեզերակայանից նախատեսվում էր օգոստոսի 27-ին, սակայն հետաձգվել է մինչեւ շաբաթ օրը, ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 02:04-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անցած գիշեր մեկնարկը հետաձգվել է մոտ մեկուկես ժամով, այնուհետեւ չեղարկվել է «մեկնարկային կայանից պլանավորված թռիչքից երեք վայրկյան առաջ»: «Մեկնարկի հաջորդ փորձից առաջ պահանջվող ժամանակը յոթ օր է»,- պարզաբանել է ULA-ն:
ՌՏՀԱԳ-ի գործունեությունը, որը վերահսկում է ԱՄՆ հետախուզական արբանյակները, խիստ գաղտնի է: Սարքի նպատակի եւ դրա արժեքի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա:
ULA-ն հիմնադրվել է 2006 թվականին: Դրա կենտրոնակայանը գտնվում է Կոլորադո նահանգի Սենթենիալ քաղաքում: Ընկերությունը ամերիկյան Boeing եւ Lockheed Martin կորպորացիաների համատեղ ձեռնարկությունն է: