Արմավիրի մարզում բախվել են Մեծամորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Vitz-ը. կա 5 վիրավոր (Տեսանյութ և լուսանկարներ)
Արմավիրի մարզում այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանի վարած Ջին Բեյ մակնիշի եւ Արմավիր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 5 հոգի, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկակական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ սահմանազատել տարածքը:
Բախման հետեւանքով էլ Toyota–ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում:
Կայքի տեղեկություններով՝ Ջին Բեյ-ը հաշվառված է «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում:
Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, որը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել հանդիպակաց երթեւեկող վարորդների համար, ինչն էլ դարձել է բախման պատճառ: