Շոյգուն օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով կժամանի Բաքու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը այցի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:
Բաքվում օգոստոսի 25-ին «Միջազգային բանակային խաղեր»-ի շրջանակում տեղի կունենա «Ծովային գավաթ» մրցույթի բացումը: Մրցույթին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել «Մախաչկալա» և «Աստրախան» փոքր հրետանային նավերը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կասպյան նավակազմի «SB-738» փրկարարական քարշակ նավը:
«Ծովային գավաթ» միջազգային մրցույթը կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով Իրանի և Ղազախստանի թիմերը չեն մասնակցի մրցույթին: