ԱՄՆ վարչակազմն ընդլայնել է չինական Huawei ընկերության դեմ պատժամիջոցները
ԱՄՆ վարչակազմն ընդլայնել է չինական Huawei ընկերության դեմ պատժամիջոցները, որոնք ուղղված են հետագայում տեխնոլոգիական հսկայի մուտքը համակարգչային չիպերին եւ այլ տեխնոլոգիաներին սահմանափակելուն, հայտնում է AP-ը:
ԱՄՆ առեւտրի նախարարությունը ամբողջ աշխարհում Huawei-ի 38 դուստր-մասնաճյուղերն ընդգրկել է «կազմակերպությունների սեւ ցուցակում»՝ հայտարարելով, որ ընկերությունը պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործում է միջազգային դուստր-ձեռնարկություններին:
Առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել է, որ Huawei-ն ու նրա դուստր-ձեռնարկությունները «աշխատել են երրորդ անձանց միջոցով՝ օգտագործելու համար ամերիկյան տեխնոլոգիաներն այնպես, որպեսզի խաթարեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության շահերը»:
Պատժամիջոցների խստացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածության սրման եւ Վաշինգտոնի այն պնդումների ֆոնին, թե չինական ընկերություններն օգտագործվում են լրտեսության համար, չնայած բազմաթիվ հերքումներին:
Թրամփի վարչակազմը Huawei-ին արգելել է ԱՄՆ-ում օգտագործել 5G անլար ցանցերը եւ դաշնակիցներից պահանջել է նույնը անել:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նոր պատժամիջոցները մտցվել են «ԱՄՆ ազգային անվտանգությունը, մեր քաղաքացիների գաղտնիությունը եւ մեր 5G ենթակառուցվածքների ամբողջականությունը Պեկինի կործանիչ ազդեցությունից պաշտպանելու համար»: