Լուկաշենկոն կայցելի Մինսկի գործարան, որտեղ կպատասխանի աշխատողների բոլոր հարցերին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, կայցելի Մինսկի անվատրակտորային գործարան (MZKT), որտեղ կպատասխանի աշխատանքային կոլեկտիվներին հուզող բոլոր հարցերին: Այս մասին հաղորդել է «ԲելՏա» գործակալությունը:
Լուկաշենկոյի խոսքով՝ այժմ ամենակարևոր խնդիրը տնտեսության աշխատանքն է: Նա վստահ է, որ լրատվամիջոցներից շատերը «շահարկելու են այս իրավիճակը» և կոչ են անելու քաղաքացիներին գործադուլ հայտարարել:
«Ես արդեն խոսել եմ դրա մասին. ով ցանկանում է գործադուլ անել, թող գործադուլ անի, բայց գործարաններում նրա նմանները անելիք չունեն», – ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ ձեռնարկությունների ղեկավարները պետք է զգուշացնեն աշխատողներին, մինչդեռ չպետք է ճնշում գործադրեն նրանց վրա:
«Մենք չենք պատրաստվում ծնկի գալ որևէ մեկի առջև: Նման կարիք չկա … Նրանք ուզում են կորցնել իրենց աշխատանքը և ձեռնարկությունները, կկորցնեն: Դրանք այլևս չեն վերականգնվի, մենք դա շատ լավ հասկանում ենք», – նշել է Բելառուսի առաջնորդը: