Մանկատան շրջանավարտին բնակարան տալը լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում. Փաշինյան
Մանկատան շրջանավարտներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը կնվիաբերվի դրանք զբաղեցրած 163 մանկատան շրջանավարտներին։ Համապատասխան որոշմանը գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով։ Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության։ Չնայած դրան մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը համաձայն քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների, դեռևս 2003-2004 թթ. գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջարկվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր, պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը։
Զարուհի Բաթոյանն ընդգծեց՝ նախագծի ընդունմամբ կամբողջացվի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնարանային խնդիրների լուծումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք այս որոշմամբ բոլորին ապահովում են բնակարանով.«Այդ կատեգորիայի որևէ մարդ առանց բնակարանի չի՞ մնում»,-հարցրեց վարչապետը։
Նախարարն ասաց, որ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991-ից 2019 թվականը, ովքեր չունեն սեփականության իրավունքով կամ վերջին հինգ տարվա ընթացքում բնակարան չեն օտարել։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա։ Վարչապետն ասաց, որ երկու օր առաջ աշխատանքային քննարկման ժամանակ քննարկել են, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն. «Մեր խնդիրն այն չպետք է լինի, որ մանկատան սաներին բնակարան տանք։ Մեր խնդիրն այն պետք է լինի, որ մեր մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին ու հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք 1-2 տարի հնարավոր է վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն։ Բնակարանով հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, ապա կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում»,-ասաց վարչապետը։