Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչները գիշերը դրսում են անցկացրել (Տեսանյութ և լուսանկար)
Վարդաշենի հանրակացարանի բնակիչները նախօրեի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչև լույս դրսում են անցկացրել: Երկրաշարժից քարեր են թափվել և բնակիչները վախեցել են, որ 4-րդ կարգի վթարային շենքը, որում ապրում են, կփլվի:
«Ահավոր վիճակ էր, ահավոր ցնցումներ, մեկը 3 երեխա գրկած դուրս է վազում, 2 երեխա ես էի գրկել, վազում, մի խոսքով` մի ահավոր, սարսափելի վիճակ: Մեր շենքը 4-րդ կարգի վթարային է, նաև սողանքային գոտու վրա է, այսինքն սողում է շենքը ու մեր հարցը պետք է քաղաքապետարանը լուծի: Այս երկրաշարժից հետո շենքի վիճակը շատ է վատացել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է շենքի լիազորը:
Շենքի մեկ այլ բնակիչ էլ պատմել է, որ բնակարաններից մեկը մինչև երեկ վերանորոգել են, որ ընտանիքով վերադառնան ապրելու, սակայն երկրաշարժից հետո փակել են դուռը և փոխել իրենց այդ որոշումը:
«Էստեղ ով կա ուզում է շենքից դուրս գա, ասում են` գնանք դոմիկում ապրենք, մինչև հարցը լուծվի: 2015 թվից քաղաքապետի որոշումով պետք է վերանորոգվեր շենքը, բայց 15 թվից առ այսօր ոչ մի բան չի արվել շենքի համար»,- ասել է նա:
Բնակչի խոսքով` շենքի բնակիչներով որոշել են մասնակցել հեղափոխությանը, որ գոնե իրենց շենքի հարցն էլ լուծվի, բայց կրկին ձեռնունայն են մնացել:
«Բայց արդեն մի տարի է պայքարում ենք, ցույցեր ենք անում, քաղաքապետարան ենք գնում, Կառավարություն ենք գնում, բայց ոչ մի արձագանք չկա: Խնդրում ենք պարոն քաղաքապետին և Փաշինյանին, մի անտեսեք մեզ»,- հավելել է նա: