Չմեկնելու դեպքում կզրկվենք բացառիկ հնարավորությունից. Լատվիայի համալսարան դիմած ուսանողուհիները չեն կարողանում մեկնել
Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Անգելինա Կոգուրը եւ նրա երկու ընկերուհիները հայտնվել են դժվարին իրավիճակում: Նրանք կրթաթոշակ են ստացել Լատվիայի Վիդձեմեի Կիրառական Գիտությունների համալսարանում մեկ կիսամյակ ուսանելու համար, սակայն չեն կարողանում մեկնել երկրից արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված:
«Մենք 3 հոգի ենք, ստացել ենք Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակ՝ ուսանելու Լատվիայի Վիդձեմեի Կիրառական Գիտությունների համալսարանում 1 կիսամյակ: Մեր պահանջը ընդամենը կառավարության՝ այս հարցին անդրադառնալն է, քանի որ այս խնդրի առջև կանգնած են շատ և շատ ուսանողներ: Մեր համալսարանը իր հերթին ամեն ինչ անում է հավուր պատշաճի և աջակցում է մեզ, սակայն երկրի սահմանները բացելու խնդիրը դրված է կառավարության առջև: Չմեկնելու դեպքում մենք կզրկվենք այս բացառիկ հնարավորությունից, որը մեզ ընձեռնվել է: Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր երկիրը Եվրոպական համալսարանում և ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել երկրի զարգացմանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Անգելինան:
Նա նշեց, որ իրենք դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ուղղորդել են ԱԳՆ, սակայն վերջինս հստակ ինֆորմացիա չի տրամադրել:
«Նախկինում էլի դիմել էի Նաիրա Զոհրաբյանին և արձագանք էի ստացել, այդ իսկ պատճառով նորից դիմեցի տիկին Զոհրաբյանին, և նա նամակով դիմել է վարչապետին», հավելեց նա:
Նշենք, որ այս հարցին այսօր անդրադարձել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Էդմոն Մարուքյանը: