Բեյրութում ցուցարարները ներխուժել են չորրորդ նախարարության շենք
Բեյրութում ցուցարարները ներխուժել են Լիբանանի էներգետիկայի նախարարության և ԱԳՆ շենքեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ էներգետիկայի նախարարությունը չորրորդ գերատեսչությունն է, որը գրավել են ցուցարարները: Ավելի վաղ նրանք մտել էին արտաքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների շենքերը, ինչպես նաև Լիբանանի բանկերի ասոցիացիայի շենքը:
Ավելի քան 230 մարդ վիրավորվել է Բեյրութում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում՝ ըստ «Կարմիր խաչ»-ի թվիթերյան գրառումների: Նրանցից ավելի քան 60-ը տեղափոխվել են հիվանդանոցներ:
Մինչ այդ Ցուցարարները ներխուժել էին Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենք, որը գտնվում է մայրաքաղաք Բեյրութի Աշրաֆիա շրջանում:
Ակցիայի մասնակիցները ներխուժել են ԱԳՆ շենք եւ բարձրացրել են պաստառներ, որոնց վրա գրված են «Բեյրութը դեմիլիտարիզացված քաղաք է» եւ «Հեղափոխության մայրաքաղաք»:
Երեքշաբթի օրը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենքը խիստ վնասվել է:
Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը եւ բարեփոխումներ պահանջելով: Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր եւ պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ արցունքաբեր գազի տասնյակ նռնակներ են թռչում: Կարմիր խաչի եւ քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում: