Կոմունիստները TikTok-ի միջոցով լրտեսում են ամերիկացի երեխաներին. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի առևտրի հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն հայտարարել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամները TikTok հավելվածի միջոցով լրտեսում են ամերիկացի երեխաներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես գիտեմ, որ TikTok-ը զվարճալի է: Բայց այն նաև վտանգավոր է: Ահա թե ինչումն է հարցը «…» Հիմա առավոտյան ժամը 10-ն է (Երևանի ժամանակով 18.00): Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տեղյա՞կ է, թե որտեղ են գտնվում ձեր երեխաները: Պատասխանը կարող է դրական լինել»,- ասել է Նավարոն:
Նա հավելել է, որ թերահավատորեն է վերաբերվում Microsoft-ի կողմից սոցցանցի հնարավոր գնմանը, ինչը երկրի իշխանությունները մտադիր են արգելել իրավիճակի այլ զարգացումների դեպքում:
Նրա խոսքով, Microsoft-ն աշխատում հենց Չինաստանում, և դա կարող է «հարցեր առաջացնել»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ում քննարկում են չինական TikTok և WeChat սոցցանցերն արգելափակելու հարցը, քանի որ հավելվածները, ենթադրաբար, կարող են օգտատերերի անձնական տվյալները փոխանցել ՉԺՀ իշխանություններին: