Քաշքշել է ոստիկաններին, ձեռքերով մի քանի անգամ հարվածել նրանցից մեկի կրծքավանդակին. քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 31-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ոստիկանները, Երեւան քաղաքի Շիրազի փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Երեւան քաղաքի Ջանիբեկյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել փաստաթղթերը ներկայացնելու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, որից հետո ոստիկաններին է մոտեցել վերոնշյալ ավտոմեքենայի վարորդի ընկերը, որը, դրսեւորելով ագրեսիվ վարքագիծ, քաշքշել է ոստիկանության ծառայողների համազգեստից, ապա՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել նրանցից մեկի կրծքավանդակին։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օր֊ենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-֊ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերոնշյալ ոստիկանը ճանաչվել է տուժող, կատարվել են առգրավումներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-֊ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է: