Հնդկաստանի ՆԳ նախարարը հոսպիտալացվել է կորանավիրուս ախտորոշմամբ
Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շախը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվել կորոնավիրուս, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
55-ամյա Շախը գրել է Թվիթերում, որ թեստավորվել է, երբ իր մոտ նկատվել են COVID-19-ի առաջին ախտանշանները։ «Իմ առողջությունը լավ է, սակայն ես հոսպիտալացվել եմ բժիշկների խորհրդով»,-հավելել է նա։
Նախարարը նաեւ գրել է․ «Ես խնդրում եմ բոլորին, ովքեր շփվել են ինձ հետ վերջին օրերին, մեկուսանալ եւ թեստավորվել»։
Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել հարցին, թե երբ է Շախը վերջին անգամ հանդիպել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Համավարակի ամբողջ ընթացքում Հնդկաստանում COVID-19-ով վարակված մարդկանց թիվը կիրակիի դրությամբ հասել է 1 750 724-ի, հիվանդության հետեւանքով մահացել է 37 364 մարդ, առողջացել՝ 1,14 միլիոն մարդ։
Երեք օր շարունակ հիվանդության նոր դեպքերի թիվը երկրում գերազանցում է 50 հազարը։