Ալիևը հաստատում է, որ Ադրբեջանը ապակառուցողական, հակահայ և ռազմատենչ պետություն է, իսկ Ռ. Քոչարյանի հայտարարությունների պարագայում գործ ունենք մեղադրյալի հետ, ով քաղաքականությունը փորձում է օգտագործել որպես վահան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե տավուշյան սրացումներից հետո արդյոք հանձնաժողովի կողմից վերլուծվել է միջազգային արձագանքը և ինչ եզրակացություններ են արվել, նշեց. «Հուլիսյան հաղթական մարտերի օրերին մեր դիվանագիտությունը՝ ներառյալ խորհրդարանական դիվանգիտությունը շատ լավ աշխատել է, օպերատիվ կերպով մեր գնահատումները ներկայացվել է մեր գործընկերներին և՛ կառավարական, և՛ խորհրդարանական մակարդակներում, արդյունքները սպասեցնել չտվեցին, եղան արձագանքներ տարբեր երկրների խորհրդարաններից ու կառավարություններից, դրանց մի մասն աջակցություն էր մեզ, մյուս մասը բալանսավորված արձագանքեր էին: Շատ հաջող գործեցինք, և հայկական դիվանագիտության լավագաույն գնահատականը, կարծում եմ, տվել է հենց Իլհամ Ալիևը, իր հայտնի հայտարարությամբ, որտեղ նա քննադատում էր իրենց արդեն նախկին արտգործնախարարին և դիվանագետներին, դեսպաններին»:
Անդրադառնալով Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքներին, Ռ. Ռուբինյանը նշեց, որ այդ աղաղակող հայտարարությունը ցույց է տալիս Ադրբեջանի ռազմատենչ և հակամարդկային էությունը: «Մենք պետք է հետամուտ լինենք, որ այդ հայտարարությունը պատշաճ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, այս հայտարարության վտանագավորության աստիճանը բացատրության կարիք չունի»: Ռ. Ռուբինյանի դիտարկմամբ՝ հուլիսյան մարտերի օրերին և դրանից հետո Բաքվի հայտարարությունները հակասական են և ցայտնոտային. «Բաքվի հայտարարություններում դժվար է տեսնել տրամաբանություն: Ալիևն իր բերանով հաստատում է, որ Ադրբեջանը ապակառուցողական, հակահայ և ռազմատենչ պետություն է»:
Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականության վերաբերյալ Ռ. Ռուբինյանը նշեց, որ Թուրքիան ստանձնել է տարածաշրջանում ապակայունացնողի դերը:
Անդրադառնալով օրերս Ռոբերտ Քոչարյանի՝ երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցին, Ռ. Ռուբինյանն ընդգծեց. «Մենք գործ չունենք քաղաքականությամբ զբաղվող անձի հետ, մենք գործ ունենք մեղադրյալի հետ, ով քաղաքականությունը փորձում է օգտագործել որպես վահան»: