Ես չեմ լսել, որ վարչապետը վերջին մեկ տարում որևէ վատ ազդակ ուղարկի դատական համակարգի վերաբերյալ. Մերսոպ Մակյան
Ես չեմ լսել, որ երկրի ղեկավարը վերջին մեկ տարում որեւէ վատ ազդակ ուղարկի դատական համակարգի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:
«Հետեւաբար, կարծում եմ՝ երեւի կա առողջացում: Ես կարծում եմ, որ դատական համակարգը դրական առումով բավականին փոխվել է եւ ոչ միայն մեկ տարում, այլ 20-30 տարիների ընթացքում: Ամեն օր դատական համակարգը դեպի առողջացում է գնում, անկախացում է գնում, որի համար ուրախ եմ:
Բնականաբար քաղաքական իշխանությունից ազդակները կան, դրանք թաքցված չեն, որ դատական իշխանությունը պետք է առավել անկախ լինի իշխանության մյուս թեւերից: Դատական համակարգն էլ համաքայլ գնում, ազդակներն ընդունվում են: Բայց դրանք ոչ թե միջամտություններ են, այլ քաղաքական իշխանության որդեգրած կուրս, որ իշխանության այս ճյուղը համահունչ աշխատի այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել երկրում: Այդ փոփոխությունները ձեզ համար էլ ակնհայտ են»,-ասաց նա: