Երևան քաղաքի դատարանը կրկին կքննի Ալվինա Գյուլումյանի հայցը. երկու տարի անց գործն ուղարկվել է նույն դատարան
Երևան քաղաքի դատարանը վարույթ է ընդունել ՍԴ նախկին փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին գործը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության։
Քաղաքացիական գործը վարույթ ընդունած դատավոր Երեմ Ասոյանը որոշում է կայացրել գործի քննությունը սկսել սկզբից և նախնական դատական նիստ հրավիրել 2020թ. սեպտեմբերի 16-ին։
Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները վաղաժամ դադարեցվել են ԱԺ–ում ընդունված Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում, արդեն երկու տարի է՝ դատական քաշքշուկի մեջ է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հետ՝ «ՍԴ-ն մնացել է առանց փոխնախագահի» վերտառությամբ հոդվածի պատճառով։
Հայցվոր կողմը դատարանում վիճարկում է հոդվածում տեղ գտած հետևյալ արտահայտությունները. «Գյուլումյանն իր՝ ՍԴ փոխնախագահ դառնալու ամբիցիան մոտիվացրել է նաև այն հանգամանքով, որ երբ ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը՝ ջանք չի խնայել, որպեսզի Մարտի 1-ի իրադարձություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի»:
Հայցվորի ներկայացուցիչը խնդրել էր դատարանին` պարտավորեցնել պատասխանողին հերքել հոդվածում ընդգրկված Ալվինա Գյուլումյանի պատիվը և արժանապատվությունը զրպարտող և արատավորող տեղեկությունները, ինչպես նաև` պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում և գումարը փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հիմնադրամի հաշվեհամարին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը 2019 թվականի դեկտեմբերի 6–ին վճռել էր Գյուլումյանի հայցը մերժել` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով և Ալվինա Գյուլումյանից հօգուտ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Գյուլումյանն այս վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որն էլ այս տարվա ապրիլի 15-ին որոշում էր կայացրել բավարարել բողոքը, բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննություն իրականացնելու համար: