Եթե նույնիսկ դիմորդը 0.5 միավորով դուրս է մնում, չի կարելի սա սարքել անձնական ողբերգություն. «Իմ քայլի» պատգամավոր
Պետք է փոխել վերաբերմունքն այս ամբողջ գործընթացների հետ կապված. եթե նույնիսկ երեխան 0.5 միավորով դուրս է մնում, չի կարելի սա սարքել անձնական ողբերգություն կամ որակել ազգակործան ծրագիր: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:
Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ նա ևս համաձայն է, որ իրազեկման առումով եղել է ինչ որ թերացում, սակայն դիմորդները պարտավոր էին ավելի ուշադիր լինել. «Փոխենք վերաբերմունքն այս ամբողջ գործընթացների հետ կապված, եթե նույնիսկ երեխան 0.5 միավորով դուրս է մնում չի կարելի սա սարքել անձնական ողբերգություն կամ սա որակել ազգակործան ծրագիր, հայրս 6-րդ տարում նոր կարողացել է ընդունվել բուհ, ես ևս դժվարությամբ եմ ընդունվել համալսարան: Ես համաձայն չեմ, որ նախարությունն ունեցել է ինչ որ միտումնավոր ծրագիր, որպեսզի դիմորդները չընդունվեն: Ոչ մի նախարար, կամ պատգամավոր Covid19-ի, կամ արտակարգ դրության հեղինակը չէր և մեզնից մեկն իր ամենավատ երազում չէր կարող տեսնել, որ կունենանք նման իրավիճակ»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ իրենք գրություն կուղարկեն նախարարություն, լրացուցիչ հանդիպումներ կունենան:
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելեց, որ այս խնդրով զբաղվում են բոլոր խմբակցությունները. «Սակայն մի բան հստակ է, եթե այդ համակարգը չառաջացներ խնդիրներ, մենք հիմա այստեղ հավաքված չէինք լինի: Իհարկե հնարավոր է՝ տեխնիկական բազմաթիվ խնդիրների պատճառ է դա, բայց դրանից չպետք է տուժի նախ և առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: