Այգեհովիտ գյուղի որոշ թաղամասեր արդեն 3-4 օր է՝ ջուր չունեն
Տավուշի սահմանամերձ Այգեհովիտ համայնքում արդեն մոտ 3-4 օր է՝ ինչ բնակիչները ջուր չունեն: Այս մասին NEWS.am-ին ասել է Այգեհովիտ գյուղի բնակիչներից մեկը:
«Պանդեմիայի այս օրերին ջրի լուրջ խնդիր կա։ Բնակիչները պարբերաբար բարձրացնում են այս հարցը, բայց հերթական անգամ գյուղապետարանի կողմից անտեսվում է, սակայն գյուղի ջրամատակարարման պատասխանատուն գյուղապետարանն է։ Ներկայումս գյուղի որոշ թաղամասեր արդեն 4 օր է՝ ջուր չունեն»,- ասաց նա։
Համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ վաղն արդեն այս հարցին բնակիչների օգնությամբ լուծում կտրվի. «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ վաղը գնալու ենք անտառի մեջ, տեսնենք՝ ինչ վթարներ են եղել և հարցին լուծում կտրվի»: