Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը խոստացել է, որ կորոնավիրուսի թեստերն անվճար կլինեն բոլորի համար
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանն անհանգստություն է հայտնել COVID-19-ով վարակի նոր դեպքերի աճի կապակցությամբ, հայտնում է Le Parisien պարբերականը:
Այս կապակցությամբ Վերանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ապահովագրությամբ փոխհատուցվող կորոնավիրուսի թեստ հանձնել առանց բժշկի նշանակման, առանց ախտանիշների առկայության և առանց հիմնավորված պատճառի:
Նա նաև հայտարարել է, որ դեռ չի կարելի խոսել երկրորդ ալիքի մեկնարկի մասին, այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ինչ թեստերի դրական արդյունքների քանակը կայուն աճում է, չնայած այն հանգամանքին, որ վերջին 13 շաբաթվա ընթացքում այն նվազում էր: Նախարարի խոսքով, ներկայիս հիվանդներն ավելի երիտասարդ են, քան առաջին ալիքի ժամանակ, ինչպես նաև շատ մեծ է ասիմպտոմատիկ դեպքերի թիվը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 16 միլիոնը, համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 600 հազար մարդ: