Մոսկվայի ոստիկանությունը խստորեն կճնշի էթնիկական հիմքով սադրանքները
Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ էթնիկ հիմքով ցանկացած սադրանք խստորեն կճնշվի: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի մոսկովյան բաժանմունքի կայքը:
«Մոսկվայի ոստիկանությունը անհապաղ կճնշի հասարակական կարգի խմբային խախտումների ցանկացած դրսեւորում եւ օրենքով նախատեսված պատասխանատվության կենթարկի օրինախախտներին: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության համաձայն, օտարերկրյա քաղաքացիների դեմ կարող է հինգ տարի ժամկետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ժամանակավոր արգելք սահմանվել»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության տեքստում:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մարյինո թաղամասում մի շարք բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների միջեւ: Դրանցից մեկի ժամանակ մի տղամարդ մարմնական վնասվածք է ստացել, ինչպես նաեւ նաեւ վնաս է հասցվել ավտոմեքենային, որում նա գտնվում էր։ Նաեւ սրճարաններից մեկում անհայտ անձինք, սպառնալով այցելուներին եւ աշխատակիցներին, բացահայտ կերպով 50 հազար ռուբլի են գողացել դրամարկղից եւ վնասել են գույքը, ինչից հետո փախուստի են դիմել։
Ոստիկանության աշխատակիցները՝ Ռոսգվարդիայի հետ համատեղ, ապօրինի գործողությունների կասկածանքով արդեն ավելի քան 25 մարդ է ձերբակալել: Քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հիմքով եւ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածով (նախատեսում է առավելագույն պատիժ մինչեւ 8 տարի ժամկետով ազատազրկման տեսքով):
Այժմ քննչական գործողություններ եւ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց նպատակն է պարզել դեպքի բոլոր հանգամանքները:
Մոսկվայում գիշերային իրադարձությունների կապակցությամբ ԱԴԾ-ի՝ Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վարչությունում հանդիպում է տեղի է ունեցել անվտանգության գործակալությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ղեկավարության համախմբված դիրքորոշումը հայտարարվեց ԱԴԾ-ի՝ Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Յացենկոյի կողմից։
«Այս, հատուկ ընդգծում եմ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ մասնակից բոլոր անձինք կպատժվեն շատ եւ շատ խիստ կերպով: Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից»,- ասել է Անդրեյ Յացենկոն:
Դիմելով ներկաներին՝ ոստիկանապետ, գեներալ-մայոր Իգոր Զինովեւը եւ ՆԳՆ-ի Մոսկվայի շրջանի գլխավոր վարչության ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Ցուրկանը հորդորեցին տեղեկացնել համայնքի յուրաքանչյուր անդամի, որ հանցագործները պատժվելու են, եւ իշխանությունները խստագույն միջոցներ են ձեռնարկում՝ ցանկացած ծայրահեղական դրսեւորում ճնշելու համար՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիությունից զրկում եւ վտարում երկրից:
Մոսկվայի ոստիկանությունը պատրաստ է վարույթ հարուցել ոչ միայն նրանց նկատմամբ, ով արդեն իսկ ապօրինի գործողություններ է կատարել, այլեւ նրանց դեմ, ով ինչ-որ ակցիաներ է նախապատրաստում կամ դրանց կոչեր է անում։
Գերատեսչությունում հիշեցրել են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի առկայության մասին՝ պատասխանատվության ենթարկում էթնիկական ատելություն հրահրելու համար, որն ազատազրկում է նախատեսում մինչեւ 6 տարի ժամկետով։