Երեկ հայերի դեմ հարձակումները Բաքվի արձագանքն են՝ Տավուշում իրենց կրած խայտառակ պարտության. Զարեհ Սինանյան
Անկասկած, երեկ հայերի դեմ հարձակումները Բաքվի արձագանքն են Տավուշում իրենց կրած խայտառակ պարտության:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներին:
Սինանյանի խոսքով՝ սա ադրբեջանցի հասարակության անհանդուրժողականության և պաթոլոգիական հայատյացության հերթական դրսեւորումն է: Սակայն, միջադեպերը տեղի են ունենում երրորդ պետության տարածքում, որի քաղաքացիներ են հարյուր հազարավոր հայեր: «Անվերահսկելիության դեպքում նման հարձակումները կարող են բերել ավելի լայնածավալ բախումների, ինքնադատաստանի, ինքնապաշտպանության և հավելյալ բռնության: Սա իհարկե պետք է կանխել: Իսկ արյունավետ կանխելու համար անհրաժեշտ է, որ բոլորը աշխատեն Ռուսաստանի պատկան մարմինների հետ, որպեսզի հրոսակները զսպվեն, վնասազերծվեն եւ հայության դեմ բոլոր խտրականության դրսեւորումները մեկուսացվեն»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Սինանյանը խորհուրդ տվեց լինել զգոն, զգույշ, եւ ինքնապաշտպանության իրավունքը վերապահելով հնարավորինս չտրվել սադրանքների:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը Ռուսաստանում ադրբեջանցիները 10-15 հոգանոց խմբերով հարձակվել են առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել, դանակահարել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները: Դեպքից հետո մոտ 60 ադրբեջանցի է ձերբակալվել:
Տեղի ունեցածին արձագանքել են ՀՀ արտգործնախարարությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել է երկխոսություն սկսել եւ տուրք չտալ ծայրահեղականությանը: