Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանի իշխանության երկու տարվա հետևողական աշխատանքի արդյունքն էր, այլ բան չէի էլ սպասում. Արա Վարդանյան
Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանի իշխանության երկու տարվա հետևողական աշխատանքի արդյունքն էր, այլ բան չէի էլ սպասում: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, որը մեղադրվում է Հիմնադրամի միջոցները անձնական նպատակներով օգտագործելու մեջ: Վերջինս ներողություն է խնդրել իր արարքի համար եւ ազատ է արձակվել 10 մլն գրավի դիմաց:
«Իհարկե, ցավալի է լսել, որ քո ազգի մի ներկայացուցիչ քո իշխանություններին նման տոնով է դիմում: Ցանկացած խնդիր ունի երկու կողմ. Մի կողմում կա մարդ, որ մտահոգված է Հայաստանի ապագայով եւ բարձրաձայնում է այն, ինչ որ ինքը կարծում է, մյուս կողմում ունենք իշխանություններ, որոնք որեւէ կերպ այդ բարձրաձայնած հարցերին չեն էլ պատասխանել: Մենք հիմա տեսնում ենք, որ համաձայն Forbs-ի աշխարհի ամենաազդեցիկ 5 կանանցից մեկը, որը նաեւ լրագրող է, դիմում է 20 դոլարով հոդված գրող լրագրողին: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շփման մակարդակը այդքան իջել է: Դրա վկայությունը նաեւ վերջին ռազմական գործողությունների ժամանակ ՌԴ նախագահի հետ որեւէ հեռախոսազրույց չունենալն է»,-ասաց նա:
Վարդանյանը հայտարարեց, որ գնալով Հայաստանում հակառուսական տրամադրություններն ավելանում են. «Մենք գիտենք, որ Ռուսաստանում ապրում է 2.5-3 մլն հայ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր հայեր մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մի պահ պատկերացրեք, որ մեր հարաբերություններն այնքան վատանան, որ մեր խոպանչիները չկարողանան գնալ Ռուսաստան: Սա տնտեսապես շատ վտանգավոր է, եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Ռուսաստանի հետ պետք է լինեն արժանահավատ հարաբերություններ: Խնդիրն այն է, որ ՌԴ ղեկավարությունն այսօր չի վստահում հայաստանի ղեկավարությանը: Առանց Ռուսաստանի հետ կապերի Հայաստանը շատ լուրջ եւ դաժան ծուղակում է հայտնվելու: Կարծես թե պատմությունը կարող է կրկնվել»:
Արա Վանդանյանը համոզմույք հայտնեց, որ այս իշխանությունները եկել են երկու նպատակ իրականացնելու՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների չեղարկում եւ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծում. «Նիկոլ Փաշինյանն ընտրել է մարտավարություն, որ իրեն պաշտպանում են վարձու պաշտպաններ, բայց այդ մարտավարությունում էլ ինքը պարտվելու է, որովհետեւ հայ ազգն ավելի խելացի է, քան Նիկոլ Փաշինյանին թվում է: Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են: Կասկած չունեմ, որ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը այն մարդիկ են, որոնց շնորհիվ դեռեւս այդ կապը կա, դեռեւս պահպանվում են բարիդրացիական հարաբերություններ»: