Նոյեմբերյան քաղաքն ու հարակից գյուղերը երեկվա քամուց ու կարկուտից մեծ վնասներ են կրել. հաշվարկվում են վնասները
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ինչպես նաև հարակից գյուղերում երեկ՝ հուլիսի 21-ին, տեղի ունեցած քամին և կարկուտը բավական մեծ վնասներ է հասցրել թե´ քաղաքին և թե գյուղերից մի քանիսին: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին ասել են Նոյեմբերյանի համայնքապետարանից:
«Վնասները շատ են, ավտոմեքենաներ են վնասվել, տան կտուրներն են ջարդվել, ընկել մեքենաների վրա, որոնք բոլորը եղել են նույն ընտանիքին պատկանող:
Վնասվել են նաև այգիներ, ծառեր են պոկվել, բանջարանոցներ են ավերվել: Բարեկամավան համայնքում, որն ամենաշատն է տուժել, մեղվաբներ են ոչնչացվել, ինչը մարդկանց ապրելու միջոցն էր հանդիսանում»,- ասացին Նոյեմբերյանի համայնքապետարանից:
Այնտեղից մեզ ասացին նաև, որ գյուղերում ընտանիքներ կան, որոնց տան կտուրներն ամբողջովին ջարդվել, ընկել են, և տունը մնացել է առանց կտուրի:
Ովքեր կարողացել են իրենց ուժերով վերանորոգել են, բայց կան մարդիկ, որոնք չունեն հնարավորություն և դեռ այդպես ջարդված մնացել է:
Հարցին՝ ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ համայնքապետարանից մեզ ասացին, որ կազմվել է հանձնաժողով, ձևավորվել են մոտ 4-5 աշխատանքային խմբեր որոնք այժմ վնասի չափերն են գնահատում: