Հունաստանի ԶՈՒ-ն բարձր պատրաստականության է բերվել Թուրքիայի գործողությունների պատճառով․ ԶԼՄ
Հունաստանի ԶՈՒ-ն բարձր պատրաստականության է բերվել Կաստելորիզո կղզու մոտակայքում հորատումներ սկսելու Թուրքիայի մտադրության պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցներին:
«Կատիմերինի» թերթի տվյալներով՝ Անթալիայի հիդրոգրաֆիկ ծառայությունը այսօրվանից մինչեւ օգոստոսի 2-ը հայտարարել է Կաստելորիզոյից հարավ եւ արեւելք հետազոտությունների մասին: Անկարայում հայտարարվել է, որ տարածքում կտեղակայվի Oruc Reis հետազոտական նավը, եւ այդ պատճառով զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել ամբողջ երկրում, գրում է թերթը:
Նրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում Ակսազի ռազմածովային բազայում ակտիվությունն ավելացել է, այնտեղից դուրս են եկել 15 նավեր, ինչը տագնապ է առաջացրել ինչպես Աթենքում, այնպես էլ ռազմական նավատորմում, որը գտնվում է բարձր պատրաստականության մեջ:
Թերթը հայտնում է, որ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը վերադառնում է Աթենք Կիպրոսից, ուր նա մեկնել էր նախօրեին՝ 1974-ին թուրքական ներխուժման տարեդարձի կապակցությամբ:
Կաստելորիզո կղզին հայտնվել է ծովային գոտիների սահմանազատման եւ բացառիկ տնտեսական գոտու սահմանման շուրջ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ծագած վեճերի կենտրոնում: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի, Կաստելորիզո փոքր կղզին, որի տարածքը 10 քառակուսի կիլոմետր է, որը գտնվում է Թուրքիայի ափերից երկու կիլոմետր հեռավորությամբ եւ Հունաստանի մայրցամաքային պետությունից 570 կմ հեռավորությամբ, չի կարող ունենալ մայրցամաքային շելֆ կամ բացառիկ տնտեսական գոտի՝ 40 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Թուրք պաշտոնյաներն անընդունելի են համարում այն, որ կղզին 4000 անգամ ավելի մեծ ծովային իրավասության գոտի է ստեղծում, քան իրենց սեփական տարածքն է:
Հունաստանը հայտարարում է, որ Կաստելորիզոն բնակեցված կղզի է եւ ունի նույն ծովային իրավունքները, ինչ որ մայրցամաքային տարածքները՝ անկախ դրա չափից: