Գերմանիայի չորս դաշնային հողերի նահանգապետները կոչ են անում դուրս չբերել ամերիկյան զինվորականներին
Գերմանիայի չորս դաշնային հողերը, որոնցում տեղակայված են ԱՄՆ կարեւորագույն ռազմական օբյեկտները, Կոնգրեսի անդամներին կոչ են անում փորձել ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել ԳԴՀ-ից ամերիկյան զինվորականների ավելի քան մեկ քառորդ մասին դուրս բերելու ծրագրից:
Associated Press գործակալության կողմից ձեռք բերված նամակում Բավարիայի, Հեսենի, Բադեն-Վյուրտեմբերգի եւ Ռեյնլանդ-Պֆալցի նահանգապետները հայտնում են, որ ԱՄՆ հաստատությունները, ինչպիսիք են Գրաֆենվյուր ուսումնական շրջանը, Ռամշտեյնի եւ Շպանգդելեմի ավիաբազաները, Լանդշտուլի տարածաշրջանային հիվանդանոցը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության շտաբը, «կազմում են Եվրոպայում ԱՄՆ ներկայության եւ ՆԱՏՕ-ի գործելու կարողության հիմքը»:
Ներկայում ԳԴՀ-ում հաշվվում է 34 500 ամերիկյան զինվորական, որոնք, ըստ Թրամփի, հունիսին կրճատվել են մինչեւ 25000-ի:
Կոնգրեսի շատ անդամներ դեմ են այդ ծրագրին, եւ գերմանացի նահանգապետներն իրենց նամակում ընդգծել են, որ ամերիկյան զորքերը «ծառայում են Միացյալ Նահանգների ռազմավարական շահերին» այնքանով, որքանով ծառայում են ՆԱՏՕ-ի եւ տրանսատլանտյան գործընկերության շահերին:
Նամակն ուղարկվել է ավելի քան տասնյակ սենատորների եւ ներկայացուցիչների, այդ թվում՝ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովների անդամների, ինչպես նաեւ օրենսդիրների, ովքեր դեմ են այդ քայլին:
Նրանց թվում է հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, ով Թրամփի պլանը անվանել է «նվեր Ռուսաստանին», եւ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը, ով ասել է, որ «Գերմանիայից մոտ 10 000 զորքերի դուրսբերումը, առանց գերմանական ղեկավարության կամ մեր եվրոպական այլ դաշնակիցների հետ խորհրդակցելու, Ամերիկային ավելի անվտանգ չի դարձնում»: