Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դարձյալ դրական է եղել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հանձնել էր կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստը, որի արդյունքը դրական է եղել: Այս մասին հայտնել է CNN Brazil հեռուստաալիքը՝ վկայակոչելով պետության ղեկավարին:
Բոլսոնարուի խոսքով՝ ինքն իրեն լավ է զգում եւ հուլիսի 6-ից բարձր ջերմություն չունի: Պետության ղեկավարի արյան թթվածնով հագեցվածությունը բարձրացել է 96-ից մինչեւ 98 տոկոսի: Նա նաեւ հայտարարել է, որ ինքը շնչառական խնդիրներ կամ համի կորուստ չի ունեցել: Նա պնդում է, որ արյան անալիզների արդյունքները նորմալ են եղել:
Բոլսոնարուն առաջիկա օրերին պետք է մեկ անգամ էլ թեստավորվի՝ որոշելու համար կարո՞ղ է արդյոք աշխատանքի սովորական ռեժիմի վերադառնալ: Բոլսոնարուն նշել է, որ շարունակում է ընդունել հիդրոքսիքլորոքին:
Բոլսոնարուն հուլիսի 7-ին հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակվել: Նա ավելի ուշ հաստատել էր, որ հիդրոքսիքլորոքինի շնորհիվ իրեն լավ է զգում:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել էր կասեցնել հիդրոքսիքլորոքինի փորձարկումները որպես կորոնավիրուսի դեմ պայքարի դեղ: Կազմակերպությունից նշել էին, որ մի շարք հետազոտությունների համաձայն՝ դեղը վարակվածների բուժման համար դրական արդյունք չունի: