Մարդկանց նույնիսկ չի հետաքրքրում ՝ սահմանում ինչ է կատարվում, սահմանը թողել եկել մեր գյուղի ճանապարհներն են փակել. Եղեգնուտում նորից լարված էր
Գիշերը ժամը 4:00-ից մոտ 200 ոստիկան շրջապատել են Եղեգնուտը և փակել նրա գլխավոր ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Եղեգնուտի բնակիչ Սմբատ Մկրտչյանը:
«Գիշերվանից մեր գյուղի ճանապարհները 4 կողմից փակ է։ Մարդկանց նույնիսկ չի հետաքրքրում ՝ սահմանում ինչ է կատարվում, սահմանը թողել եկել մեր գյուղի ճանապարհներն են փակել»,- ասաց նա:
Մկրտչյանը հավելել է, որ ոստիկանական մեքենաներով էին փակել գյուղի գլխավոր ճանապարհը:
Վաղ առավոտից գյուղում բազմաթիվ բնակիչներ էինն հավաքվել պարզելու՝ ինչն է խնդիրը: Գյուղացիները փակել էին գյուղապետարանի շենքը, թույլ չէին տալիս, որ նախկին գյուղապետը, որ վերականգնվել է իր պաշտոնում դատարանի որոշմամբ, մտնի շենք: «Մենք մեր գյուղապետին ենք ուզում, ո՞ւր է նա, թողեք աշխատի»,-ասում էին գյուղացիները:
Ոստիկանները խնդրել են ազատել գյուղապետարանի շենքի մուտքը, սակայն խնդրանքը մնացել է առանց կատարման: Որոշ ժամանակ անց ոստիկանները փորձել են ուժով հետ հրել մարդկանց, քաշքշուկ էր սկսվել:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։
Բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։
Նա էլ դիմել էր վարչական դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։