Հարսս ու թոռնիկներս մնացել էին հեղեղված տանը, տղաներս են տանիքից ցատկել և հանել նրանց․ 30 տարուց ավել տնակում ապրող գյումրեցի կնոջ կացարան կոչվածը օդի մեջ է մնացել (Տեսանյութ)
Անձրևներից հետո տունը միշտ վնասվում էր, տղաներս կարգի էին բերում, բայց նախօրեին ջրհեղեղից հետո աղետալի վիճակ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին է պամել հուլիսի 13-ի տեղատարափ անձրևից ու կարկուտից տուժած Գյումրիի տնակային ավանի բնակչուհին։
«Այս տնակում բնակվում եմ 30 տարուց ավելի, անմիջապես երկրաշարժից հետո։ Քաղաքապետարանից ենք ստացել տնակը։ Այս տնակում մեծացրել եմ 3 տղա, հիմա էլ մեծանում են իմ տղաների փոքրիկները։ Ավագ տղաս 12 տարի պայմանագրային զինծառայող է։ Սելավը բակն ու տնակի հիմքերն ամբողջությամբ քանդել է, տնակն օդի մեջ է մնացել, սա էլ մանկապարտեզի պատն է։ Ամեն ինչ պոկված, այսպես փոս է առաջացել։ Մեր տնակն էլ թեքվել է հակառակ ուղղությամբ ու պատով հենվել հարևան պատին, այլապես շուռ կգար», պատմել է գյումրեցի կինը։
Նրա խոսքով՝ թեթև անձրեւների ժամանակ ջուրը դիտահորերը տանում էին, ուժեղ անձրևների ժամանակ միշտ հեղեղում էր լինում։
«Ամեն անձրևից հետո միշտ կարգի էինք բերում տունը։ Երեկվա ջրհեղեղի ժամանակ թոռներս ու հարսս տանն էին մնացել, բակը քանդված էր, տունն էլ ջրով լիքը։ Իրենց հայրիկը հիմա դիրքերում է, մյուս տղաներս են տանիքից իջել ցատկել այստեղ, չնայած մեծ փոսեր էին, երեխաները տանը վախեցած լաց էին լինում, դուրս են հանել երեխաներին ու հարսիս։ Քաղաքապեարանից եկել, նայել են, արձանագրել են։ Հիմա էլ քաղաքապետարանն է այս բակը կարգավորել։ Հիմա դուռը բացել ենք, որ տիղմը մաքրենք, տնեցիներն էլ գնալու են մնան բարեկամի տանը», ասել է տնակային ավանի բնակչուհին։