Երկրաշարժ տեսել էինք, հիմա էլ ջրհեղեղ տեսանք․ հուլիսի 13-ի հեղեղումներից տուժած գյումրեցի (Տեսանյութ)
Երկրաշարժ տեսել էինք, հիմա էլ ջրհեղեղ տեսանք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Գյումրիի՝ տնակային ավանում ապրող բնակիչները, որոնց տները հեղեղվել են հուլիսի 13-ի տեղատարափից ու տեղացած կարկուտից։
«Եկեք ներս՝ տեսեք։ Այստեղից ջուրը ծակել, անցել է, ամբողջը ջուր է», ասել է բնակիչներից մեկը, խնդրել զգույշ քայլել, քանի որ հատակը հնարավոր է փլվի․
«Ոտքդ առաջ չդնես, կընկնես մեջը, անկողինս՝ ջուր, այստեղ նկարեք, չռռում է, բոլոր պոլկաները պոկվել, ընկել են։ Ամբողջը ջուր էր, գիշերը տիղմը մաքրել ենք, տան ամբողջ տեխնիկան փչացել է։ Զանգել ենք բոլոր տեղերը, դեռ ոչ մի արձագանք, ոչ եկան, ոչ հետաքրքրվեցին։ 30 տարի դոմիկի մեջ ենք, 7 հոգով այստեղ ենք ապրում։ Մինչեւ մեր ծնկները ջուր էր։ Գիշերը մեր բարեկամների տանն ենք անցկացրել։ 911 էլ ենք զանգել, քաղաքապետարան էլ, մարզպետարան էլ, ոչ մի արձագանք, ոչ ոք չեկավ տեսներ մեր վիճակը։ Երեխաները վախից լաց էին լինում, բարձրացել էին սեղանների վրա։ Այստեղ հակասանիտարական վիճակ է, խոլերայի բուն։ Խայտառակություն», ցույց տալով տան եւ բակի վիճակը՝ ասել է տանտիրուհին։