Բելառուսը պատրաստվում է հուլիսի 17-ին Մինսկում անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի լիարժեք նիստ
Բելառուսական կողմը պատրաստվում է հուլիսի 17-ին Մինսկում անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի լիարժեք նիստ: Այս մասին այսօր Մոսկվա կատարած այցից հետո լրագրողներին հայտնել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Մենք իմ գործընկերոջ (Ռուսաստանի վարչապետի) հետ քննարկեցինք այդ հարցը, դեռեւս ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում: Մենք պատրաստվում ենք լիարժեք ձեւաչափով ընդունել ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին»,- ասել է Ռոման Գոլովչենկոն:
Վարչապետը հավելել է, որ բելառուսական կողմը, որը այս տարի նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում, պատրաստվում է ԵՏՄ-ի հետագա գործունեության վերաբերյալ կարեւոր հարցեր բարձրացնել Եվրասիական միջկառավարական խորհրդում: «Բացարձակապես գործնական հարցեր, օրակարգը հագեցած է, այն համապատասխանում է իրողություններին, որոնք այժմ դրսեւորվում են առեւտրատնտեսական հարաբերություններում»,- ընդգծել է Ռոման Գոլովչենկոն։