Դեռևս վաղ է կանխատեսումներ անել, թե այս ճգնաժամն ինչ ազդեցություն կունենա մեր առևտրաշրջանառության վրա. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանի եւ Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունները հիմնված են կանոնավոր եւ մշտապես աճող առեւտրի հոսքերի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«2018թ-ին դեպի Հայաստան Ֆրանսիայի արտահանումների ծավալը կազմել է 68 միլիոն եվրո (24 միլիոն եվրո աճ), իսկ դեպի Ֆրանսիա Հայաստանինը` 12 միլիոն եվրո, ընդհանուր 80 միլիոն եվրո առեւտրաշրջանառություն (+67.2%)։
Ֆրանսիայի ներկայությունը շատ բազմազան է (հյուրանոցներ, սուպերմարկետներ, ապահովագրություն, ոգելից խմիչքների արտադրություն, էլեկտրոնային սարքավորումներ) եւ ֆրանսիական ձեռնարկություններն ավելի ու ավելի են հետաքրքրվում Հայաստանով»,-ասաց նա:
Դեսպանի խոսքով, Հայաստանի ներգրավումը միջազգային առեւտրում պետք է որ առաջիկա տարիներին առաջընթաց գրանցի. Հայաստանը Եվրամիության նկատմամբ ունի սակագնային առավելություններ եւ վերջինիս հետ կնքել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր (Comprehensive and Enhanced Partnership Agreement CEPA)։
«Դեռեւս վաղ է կանխատեսումներ անել, թե այս ճգնաժամն ինչ ազդեցություն կունենա մեր առեւտրաշրջանառության վրա։ Կարող ենք փաստել, որ այն տեղի է ունենում մեր առեւտրային փոխհարաբերությունների համար ի սկզբանե բարենպաստ համատեքստում` 67% աճ 2018թ.-ին, եւ հավասարապես ազդում Հայաստանի բոլոր առեւտրային գործընկերների վրա։
Թագավարակի ճգնաժամը տեւական ազդեցություն կունենա մեր երկու երկրների համար, մասնավորապես զբոսաշրջության առումով։ Իրականում, Ֆրանսիան եւ Հայաստանը առաջատար շբոսաշրջային ուղղություններ են, եւ պետք է զարգացվեն բազմաթիվ ընդհանուր նախագծեր, մասնավորապես, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի շուրջ։
Հայաստանում հաստատված ֆրանսիական ձեռնարկություններն աննախադեպ ճկունություն են ցուցաբերել իրենց գործունեության համապատասխան ոլորտներում։ Խոսքը մասնավորապես սուպերմարկետների, ապահովագրության, ջրամատակարարման մասին է` ոլորտներ, որոնցում վերջիններիս հաջողվել է հարմարվել պահանջվող հրատապ միջոցառումներին եւ միջազգային ստանդարտների կիրառման առումով լավագույնս օրինակ ծառայել։ Հիգիենայի, իրենց աշխատակիցների անվտանգության պայմանների նկատելի աճը եւ բժշկության ոլորտի հանդեպ արտահայտված համերաշխությունը շահավետ են ողջ Հայաստանի համար»,-ընդգծեց Լաքոտը: