Բրիտանական իմիգրացիոն համակարգը որակավորված աշխատակիցներին ավելի արագ եւ էժան վիզաներ կտրամադրի
Բրիտանական իմիգրացիոն նոր համակարգը ավելի արագ եւ էժան վիզաներ կտրամադրի առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտի որակավորված աշխատակիցներին, հայտարարել է երկրի կառավարությունը՝ ներկայացնելով միավորների գնահատման համակարգի լրացուցիչ մանրամասները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարից, հայտնում է Reuters-ը:
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո իմիգրացիոն նոր համակարգը կկիրառվի որակավորված աշխատողների համար: Ընդ որում, այն դադարեցնում է աշխատուժի ազատ տեղաշարժը Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ:
Երկուշաբթի օրը կառավարությունը ներկայացրել է տեղեկատվություն «առողջապահության եւ խնամքի նոր վիզայի» վերաբերյալ, որը կնվազեցնի դիմումների տրման ժամանակը եւ մեծ աջակցություն կապահովի համապատասխան թեկնածուների համար, ովքեր կաշխատեն առողջապահական համակարգում, սոցիալական ծառայություններում կամ աջակցող ընկերություններում:
Շատ դեպքերում ներգաղթի նոր համակարգը պահանջում է, որ դրսից ցանկացած աշխատող ունենա բավական բարձր որակավորում եւ տիրապետի խոսակցական անգլերենին:
Կառավարությունը նաեւ հայտարարել է, որ բակալավրիատ կամ մագիստրատուրա ավարտած արտասահմանցի ուսանողները կկարողանան երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում: Գիտությունների դոկտորի կոչում ստացած անձինք կկարողանան մնալ երեք տարի: