Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան
Ստամբուլում սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը Հունաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարց է, և Աթենքը պետք է կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում:
Այդ մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը:
Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումն այն է, որ թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը Սալոնիկում դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ և կվարվի այդ որոշմանը համապատասխան:
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է նախագահի հրամանագիրը: Սպասվում է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:
Հունաստանը կարծում է, որ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 350 հազար պոնտոսցի հույն: Անկարան, իր հերթին, մեղադրանքները համարում է «ֆանտաստիկ», իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձություններն աղավաղելու մեջ»:
Հարցին, թե կարող է դա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. «Էրդողանը անվերահսկելի քաղաքական գործիչ է»: Թանգարանի կարգավիճակը փոխելու պլանները հակազդեցություն են առաջացրել բազմաթիվ երկրներում: