ԵՄ-ն պետք է գնահատի, թե որքան ազատություն է պատրաստ տրամադրել «լկտի» Թուրքիային․ Կիպրոսի նախագահ
Կիպրոսը եւ նրա ԵՄ գործընկերներն աշխատում են Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը զսպելու ուղղությամբ՝ գազի պաշարների ծովային որոնումների պատճառով լարվածության աճի ֆոնին, ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:
Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է գնահատի, թե որքան ազատություն է պատրաստ տրամադրել «լկտի» Թուրքիային, որը ցանկանում է վերահսկել տարածաշրջանը, փոխանցում է AP-ն:
Անաստասիադեսի մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան «փոխադարձությամբ կպատասխանի», եթե ԵՄ-ն միջոցներ ձեռնարկի, որոնք դատապարտում են Թուրքիայի կողմից գազի որոնումները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։
«Ցավոք, մենք խոսում ենք ագիտատորի մասին, որը ձգտում է գերակայել Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան հատվածում եւ վերահսկել մի շարք երկրներ, որոնք շրջապատում են Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան հատվածը»,- ասել է Անաստասիադեսը: «Սա անհասկանալի եւ անընդունելի է ոչ միայն միջազգային արդարության հիման վրա, այլեւ՝ այն բարեկամական հարաբերությունների, որոնք պետք է աջակցեն հարեւան երկրներին»: