Բոլիվիայի նախկին նախագահը մեղադրվում է ահաբեկչության մեջ
Բոլիվիայի դատախազությունը նախկին նախագահ Էվո Մորալեսին մեղադրանք է առաջադրել ահաբեկչության եւ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման մեջ: Անցյալ տարի հրաժարական տալուց եւ արտասահման փախչելուց հետո Մորալեսն ապօրինի գործողություններ կոչ էր անում Բոլիվիայի իր համախոհներին, նշվում է դատախազի հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:
Որպես օրինակ՝ դատախազությունը մի դեպք է մեջբերում, երբ Մորալեսն իր աջակիցներից մեկին հեռախոսազրույցի ընթացքում իբր հանձնարարել է դադարեցնել Բոլիվիայի մի քանի քաղաքներին սննդամթերքի մատակարարումը։
Էվո Մորալեսը հերքել է իրեն դեմ առաջադրված մեղադրանքները՝ դրանք «դե ֆակտո կառավարության կողմից համակարգված ոտնձգությունների հերթական ապացույց» անվանելով: Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ նա խոստացել է, որ ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը շուտով կվերադառնան Բոլիվիա»:
Մորալեսը Բոլիվիայի առաջին նախագահն է այս երկրի բնիկ բնակչության ներկայացուցիչներից։ 2019-ի նոյեմբերին նա հայտնվեց զինվորականների ճնշման տակ այն բանից հետո, երբ ընդդիմությունը եւ միջազգային դիտորդները նրան մեղադրեցին հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում քվեարկությունը կեղծելու մեջ: Սկզբում նա փախավ Մեքսիկա, ապա բնակություն հաստատեց Արգենտինայում: