Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը կատարել է իր առաջին խոշոր գնումը համաճարակի սկսվելուց ի վեր
Ուորեն Բաֆեթը համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ որոշել է խոշոր ակտիվ գնել: Մինչ այժմ Բաֆեթը ձեռնպահ էր մնում գնումներից՝ չնայած շուկաների փլուզմանը, ինչի պատճառով նրա քննադատները սկսել էին պնդել, որ լեգենդար ներդրողը կորցրել է ճգնաժամի ժամանակ շահավետ գործարքներ կնքելու իր շնորհը։
Berkshire Hathaway Investment Holding-ը, որը ղեկավարվում է միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, գազային ակտիվներ է գնում ԱՄՆ-ի Dominion Energy-ից, հայտնել է էներգետիկ ընկերությունը: Գործարքի արժեքը 9․7 միլիարդ դոլար կկազմի, այդ թվում՝ 5․7 միլիարդ դոլար պարտք:
Սա Berkshire Hathaway-ի առաջին խոշոր գնումն է կորոնավիրուսի սկսվելուց ի վեր եւ դրան հաջորդած շուկայի փլուզումից հետո եւ հոլդինգի ամենամեծ գործարքն է 2016 թվականից ի վեր, գրում է Forbes-ը:
Berkshire Hathaway-ը բավականին հարմար պահ է գտե գործարքի համար, նշում է Bloomberg-ը. ԱՄՆ-ում բնական գազի ֆյուչերսների գները հունիսին 25 տարվա ընթացքում հասել են նվազագույնի եւ դեռ չեն վերադարձել նախաճգնաժամային մակարդակին։
«Բաֆեթը, ի վերջո, նոր գործարքի հնարավորություն է գտել ճգնաժամային դարաշրջանում»,- մեկնաբանում է գործակալությունը:
Բաֆեթը, ով Berkshire Hathaway-ը 434 միլիարդ դոլար արժողությամբ կոնգլոմերատի էր վերածել, տարիների ընթացքում ներդրողի հեղինակություն է ձեռք բերել, որը ունակ է եզակի եւ բարդ գործարքներ կատարել շատ անկայուն շուկաներում: Սակայն այս տարի, երբ ֆոնդային շուկաները փլուզվեցին համավարակի պատճառով, միլիարդատերը մեծ գնումներ չարեց եւ նույնիսկ վաճառեց իր բաժնետոմսերն ԱՄՆ խոշոր ավիաընկերություններում՝ խոստովանելով, որ դրանցում ներդրումներ կատարելը սխալ էր: Ընդ որում, Berkshire Hathaway-ի մոտ դրամային միջոցների ռեկորդային պահուստներ են գոյացել՝ 137 միլիարդ դոլար 2020 թվականի մայիսի դրությամբ։
Քանի որ Բաֆեթը չօգտվեց էժան շուկայից, նրա քննադատները սկսեցին պնդել, որ լեգենդար ներդրողը կորցրել է իր ճգնաժամի մեջ շահավետ գործարքներ կնքելու իր շնորհը, գրում է Bloomberg-ը: Ինքը՝ միլիարդատերը, բաժնետերերի ժողովում բացատրել է իր անգործությունը նրանով, որ պարզապես որեւէ գրավիչ բան չի տեսնում շուկայում։
Գործարքը Dominion Energy-ի հետ խոսում է այն մասին, որ Բաֆեթը պատրաստ է հարձակվել շուկայի վրա՝ չնայած համավարակի ազդեցության վերաբերյալ իր նախկին զգուշավոր դիտողություններին, ասում է Մերիլենդի համալսարանի բիզնեսի դպրոցի ֆինանսների պրոֆեսոր Դեւիդ Քեսը: «Հիմա նա պատրաստ է բավականին տպավորիչ գումար ներդնել,- ասել է Քեսը:- Նա շատ դրական ազդանշան է ուղարկում ճիշտ գնով ճիշտ գործարքի մասին՝ 10 միլիարդ դոլար եւ ավել»: