Քանի՞ աշխատատեղ է փակվել Հայաստանում կորոնավիրուսի ընթացքում. վարչապետի հրապարակած հակասական ցուցանիշերի հետքերով
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր ամենից շատ աշխատատեղեր փակվել են ապրիլին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան, պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները։ Այսպես. համաձայն պաշտոնական տվյալների՝ հունվարին Հայաստանում եղել է 605,053 գրանցված աշխատատեղ, փետրվարին և մարտին այդ թիվը համեմատաբար աճել է՝ կազմելով համապատասխանաբար 619, 454 և 622,148 աշխատատեղ։ Իսկ արդեն ապրիլին, երբ մեր երկրում կորոնավիրուսի հետեւանքով հանրային կյանքի տարբեր ոլորտներ ամբողջությամբ արգելափակված էին, ավելի քան 74000 գրանցված աշխատողներ կամ աշխատողների մոտ 12 տոկոսը կորցրել են իրենց աշխատանքը. ապրիլի ընթացքում երկրում աշխատատեղերի քանակը եղել է կես մլն–ից մի փոքր ավելի՝ 547,914:
Իրավիճակն աշխատաշուկայում մի փոքր բարելավվել է արդեն մայիսին։ Բանն այն է, որ արդեն ապրիլի կեսերից տնտեսական գործունեության տեսակների մեծ մասի նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացվեցին և բազմաթիվ փակված աշխատատեղեր վերաբացվեցին. արդյունքում մայիսին արդեն Հայաստանում գրանցվել է 599,139 աշխատատեղ։