Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. հրդեհաշիջմանը մասնակցել են 29 հրշեջներ եւ 40 բնակիչներ
Հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։
Առկա է ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։
Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:43-ին։