Վրաստանում 5 ամիսներին տնտեսական անկումը կազմել է 5,4 տոկոս, Հայաստանում՝ 3,9 տոկոս. Արտակ Մանուկյան
Հրապարակվեցին նաեւ Վրաստանի տնտեսական իրավիճակը բնութագրող տվյալները 2020թ հունվար-մայիսի համար. ըստ այդմ, հունվար-մայիսի արդյունքներով Վրաստանի տնտեսական անկումը կազմել է 5.4%: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Նա, նաեւ նշել է. «Ընդ որում ապրանքների արտահանումը նվազել է 16.1%-ով, ներմուծումը նվազել է 17.1%-ով։
Պետք է նշել, որ վերջերս ՀԲ-ը ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի երկրների մասով մեծացրել էր հոռետեսական կանխատեսումները, Վրաստանի համար 2020թ կանխատեսել էր 4.8% անկում, իսկ Հայաստանի համար՝ 2.8%։ Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ երկու երկրներում էլ անկումն ավելի խորն է լինելու, քան կանխատեսվածը»:
Ավելի վաղ պատգամավորը հրապարակել էր նաեւ Հայաստանի վիճակագրական տվյալները հունվար-մայիսի համար՝ գրելով. «Վիճակագրության կոմիտեն հրապարակեց հունվար-մայիսի օպերատիվ տվյալները: Ըստ այդմ, 2020թ հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 3.9% տնտեսական անկում: Արտահանման անկումը կազմել է 8.1%, իսկ ներմուծումը նվազել է 12.8%-ով: Ամենայն հավանականությամբ արտահանման համեմատաբար ցածր անկումը եւ արդյունաբերության արտադրանքի 2.4% աճը պայմանավորված են հանքարդյունաբերությամբ»: