Բերդից ոչնչով չի տարբերվում․Ռուսաստանում միգրացիոն օրենքները խախտած հայերն ապրում են հատուկ խցերում
ՌԴ միգրացիոն օրենքները խախտած Հայաստանի 5 քաղաքացի ամիսներ շարունակ Նիժնի Նովգորոդ քաղաքի՝ արտաքսվողների համար նախատեսված հատուկ կացարանում են, համավարակով պայմանավորված՝ նրանց Հայաստան չեն ուղարկում, խմբերով պահում են կացարանի փոքր խցերում՝ կալանավորի առօրյայով։
«5 ամիսը շուտով կլրանա, որ ես այստեղ եմ։ Պատճառն այն է, որ մեկ օրով խախտում էի թույլ տվել եւ ուշ էի ներկայացրել փաստաթղթերս։ Անձնագրայինում անձնագիրս վերցրին, ուղարկեցին դատարան, պետք է իբրեւ 10 օր մնայի, բայց կարանտինը սկսվեց, չուղարկեցին Հայաստան, արդեն 4 ամիսը լրանում է, որ այստեղ եմ։ Անօրինական պահում են։ Զանգում ենք դեսպանատուն, ասում են՝ ոչինչ չենք կարող անել, մեզնից ոչինչ կախված չի, իրենք պետք է ձեզ ուղարկեն, որ մեք էլ ուղարկենք Հայաստան, իսկ «սպեցպրիյոմնիկ»-ն էլ ասում ա՝ մենք ոչ մի բան չենք կարող անել, ձեր Հայաստանը ձեզ չի ընդունում կորոնավիրուսի պատճառով։ Բայց ինչպ՞ս է պատահում, որ պարբերաբար թռիչքներ են կազմակերպում, 200 հոգու տեղափոխում են, 5 քաղաքացու չեն կարողանում ընդունել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Կարեն Մաքսուդյանը։