Ուղեկցորդները բացահայտել են համավարակի ժամանակ ուղեւորների ամենազայրացնող արարքները
Մի քանի ավիաընկերությունների ուղեկցորդներ բացահայտել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ ճանապարհորդող օդանավերի ուղեւորների ամենազայրացնող արարքները, հայտնում է Insider-ը:
Նրանք առաջին հերթին նշում են, որ զբոսաշրջիկներից շատերի մոտ դժվարություններ են առաջանում անհատական պաշտպանության միջոցներն օգտագործելիս. ոմանք դրանք հանում են թռիչքի ժամանակ, սխալ են կրում կամ ընդհանրապես հրաժարվում են կրել:
«Օդանավում մշտապես որեւէ մի ուղեւոր կա, որի կարծիքով՝ կանոններն իրեն չեն վերաբերում»,- դժգոհել է ամերիկյան ավիաուղիների աշխատակցուհին:
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ դրանից բացի, ճանապարհորդներից շատերը քամահրում են նոր սանիտարահիգիենիկ կանոնները, օրինակ՝ չեն օգտագործում ախտահանող միջոցները եւ մշտապես կեղտոտ ձեռքերով դեմքին են հպվում, այդ թվում՝ զուգարանից դուրս գալուց հետո:
Ուղեկցորդներն ի հավելումն խոստովանել են, որ իրենց զայրացնում է, երբ զբոսաշրջիկները չափից ավելի հաճախ են խնդրում հավաքել իրենց աղբը, քանի որ դա մեծացնում է շփման հաճախականությունը, եւ որպես հետեւանք մեծացնում է ինֆեկցիայի տարածման հավանականությունը: Ուղեկցորդները հաճախորդներին խորհուրդ են տալիս նման իկրավիճակում աղբը կուտակել իրենց մոտ եւ հանձնել հատուկ դրա համար նախատեսված սպասարկման ժամանակ:
«Լվացեք ձեռքերը, բոլորին վերաբերվեք բարեհոգաբար եւ ոչ մի անգամ մի բղավեք ուղեկցորդների վրա»,- ամփոփել է ավիափոխադրողի աշխատակցուհիներից մեկը՝ շեշտելով, որ իրենց առաքելությունը ստեղծված հանգամանքներում անվտանգ ճանապարհորդելու գործում մարդկանց օգնելն է: