Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Կարեն Չիլինգարյանը մահացել է (Տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 30-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Չիլինգարյանը, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Isuzu մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։
Տեղում 1 հոգի մահացել էր, 3 հոգի, այդ թվում՝ Կ. Չիլինգարյանը, տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Չիլինգարյանը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու էր և ակտիվ մասնակցություն է ունեցել թավշյա և ոչ բռնի հեղափոխությանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները: Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս: Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի